Քիսինջերը Պեկինում հանդիպում է ունեցել Սի Ծինփինի հետ
Չինաստանի քաղաքացիները անչափ բարձր են գնահատում ԱՄՆ նախկին պետքարտուղար (1973-1977թթ.) Հենրի Քիսինջերի ներդրումը Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացման գործում։ Այդ մասին, ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, հուլիսի 20-ին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինն ամերիկացի նախկին դիվանագետի հետ հանդիպմանը Պեկինի Դյաոյույթայ պետական նստավայրում։
«Չինացիները գնահատում են բարեկամությունը, և մենք երբեք չենք մոռանա մեր վաղեմի բարեկամին, Ձեր պատմական ներդրումը չին-ամերիկյան հարաբերությունների զարգացման և մեր ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում», - Սի Ծինփինի խոսքն է մեջբերում Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Չինաստանի ղեկավարը նշել է, որ Քիսինջերը վերջերս դարձել է 100 տարեկան, և նա ավելի քան 100 անգամ այցելել է Չինաստան։
«Այս երկու հարյուրների համադրությունը առանձնահատուկ է դարձնում Ձեր ներկայիս այցը Չինաստան», - ասել է Սի Ծինփինը։
Նա հիշեցրել է, որ 52 տարի առաջ Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները գտնվում էին կրիտիկական կետում։
«Նախագահ Մաո Ցզեդունը, (ՉԺՀ-ի պետխորհրդի) վարչապետ Չժոու Էնլայը, (ԱՄՆ) նախագահ (Ռիչարդ) Նիքսոնը և Դուք ինքներդ, ունենալով հիանալի ռազմավարական պատկերացում, ճիշտ ընտրություն կատարեցիք՝ սկսելով չին-ամերիկյան հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը փոխեց երկու երկրներն ու աշխարհը», - ասել է Սի Ծինփինը։
«Չինաստանն ու Միացյալ Նահանգները կրկին հայտնվել են ճամփաբաժանում, և երկու կողմերն էլ պետք է կատարեն հերթական ընտրությունը», - ասել է Սի Ծինփինը։
Չինաստանի ղեկավարը հիշեցրել է, որ Պեկինը մտադիր է Վաշինգտոնի հետ հարաբերությունները կառուցել երեք սկզբունքների՝ փոխադարձ հարգանքի, խաղաղ գոյակցության և փոխշահավետ համագործակցության հիման վրա:
Իր հերթին Քիսինջերը նշել է, որ իր համար մեծ պատիվ է այցելել Չինաստան։
«Ես շատ շնորհակալ եմ չինական կողմին այս հանդիպումը կազմակերպելու համար», - ընդգծել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել է, որ Քիսինջերը Չինաստան է մեկնել սեփական նախաձեռնությամբ, ոչ ԱՄՆ-ի իշխանությունների անունից։ Հուլիսի 18-ին ԱՄՆ նախկին պետքարտուղարը Պեկինում հանդիպում է ունեցել Չինաստանի պաշտպանության նախարարի հետ։
Հուլիսի 19-ին Քիսինջերը հանդիպել է Չինաստանի կոմկուսի կենտկոմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վան Իի հետ: