Հակոբ Սիմիդյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել դեսպան Վիկտորինի հետ
Այսօր շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։ Այդ մասին ասված է ՇՄ նախարարության Ֆեյսբուքի էջում:
«Հանդիպմանը մասնակցել է Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը։
Ողջունելով գործընկերներին Շրջակա միջավայրի նախարարությունում՝ նախարար Հակոբ Սիմիդյանը փաստել է, որ տիկին դեսպանի հետ աշխատանքային համագործակցության արդյունքում փոխգործակցությունը շրջակա միջավայրի ոլորտում եղել է բավականին սերտ և արդյունավետ։
«ՀՀ-ԵՄ հարաբերությունները շրջակա միջավայրի ոլորտում նշանակալի օրակարգ ունեն. ԵՄ-ն հուսալի և կարևոր գործընկեր է Հայաստանի համար և մասնավորապես՝ մեր ոլորտային բարեփոխումների համար, վստահ եմ, որ երկկողմ գործակցությունը գնալով ավելի արդյունավետ կդառնա։ Կյանքի են կոչվել մի շարք ծավալուն ծրագրեր, մասնավորապես, շրջակա միջավայրի պահպանության և կլիմայի փոփոխության դեմ պայքարի շրջանակում։ Եվրոպական Միության աջակցությամբ ոլորտում իրականացվել են ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումներ, տարբեր հարթակների շնորհիվ տեղի է ունեցել ահռելի ծավալի փորձի փոխանակում։ Այս ամենի մեջ, անկասկած, մեծ է Ձեր անձնական ներդրումն ու ջանքը, ինչի համար ընդունեք իմ խորին երախտագիտությունը։ Ձեր նվիրումի և կատարած աշխատանքի շնորհիվ ոլորտում համագործակցությունն այնպիսի ամուր հիմքերի վրա է դրվել, որ շարունակությունը և հետագա ընթացքը դատապարտված են հաջողության»,- նշել է նախարարը։
Իր հերթին շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար՝ տիկին Վիկտորինը նշել է, որ իրականացված աշխատանքների արդյունքում ոլորտում առաջընթացը նկատելի է, և մասնավորապես անդրադարձել է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից ֆինանսավորվող՝ «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրին, որի շրջանակում շոշափելի ձեռքբերումներ կան։
Հանդիպման ընթացքում քննարկվել և ամփոփվել են բնապահպանության ոլորտում իրականացված մի շարք ծրագրեր, և նախանշվել այն ուղղությունները, որոնցով Հայաստանի Հանրապետությունը և Եվրոպական Միությունը պետք է շարունակեն իրենց սերտ փոխգործակցությունը։
Քննարկվել են կլիմայի փոփոխության, մթնոլորտային օդի պահպանության, հանքարդյունաբերության, ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանն ուղղված հնարավոր ծրագրերի իրականացման վերաբերյալ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Նախարար Հակոբ Սիմիդյանը կարևորել է ԵՄ աջակցությունը նաև ոլորտային քաղաքականության մշակման և իրականացվող բարեփոխումների արդյունավետության գնահատման հարցում։
Հանդիպման ընթացքում կողմերը փաստել են, որ չափազանց կարևոր է, որ շրջակա միջավայրի արդյունավետ կառավարումը և պահպանությունը դառնա այն կարևոր օղակը, որը մյուս գերատեսչություններին և շահագրգիռ կողմերին կհամախմբի կանաչ օրակարգի շուրջ և պատկերացումների ու որոշումների կայացման հարցում որոշիչ գործոն կդառնա։
Հանդիպման ավարտին նախարար Հակոբ Սիմիդյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել տիկին Վիկտորինին և հաջողություն մաղթել»,- նշված է գրառման մեջ։