Անգլիայում բժիշկները 50 տարվա ընթացքում առաջին լայնամասշտաբ գործադուլն են սկսել
Բժիշկներն Անգլիայում սկսել են վերջին գրեթե 50 տարվա ընթացքում առաջին լայնամասշտաբ գործադուլը, որն սպառնում է է՛լ ավելի բարդացնել Առողջապահության ազգային ծառայության վիճակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Sky News-ը հաղորդում է, որ գործադուլը տևելու է երկու օր:
Մինչ այս 5-օրյա գործադուլ էին արել բժիշկ-ինտերնները։
Գործադուլավորների հիմնական պահանջն աշխատավարձերի բարձրացումն է 35 տոկոսով։ Ըստ բժիշկների շահերը ներկայացնող Բրիտանական բժշկական ասոցիացիայի՝ նման բարձրացումը պետք է փոխհատուցի այս մասնագիտության ներկայացուցիչների եկամուտների նվազումը վերջին 15 տարիների ընթացքում։
Ընդ որում, ինչպես նշում է Sky News հեռուստաալիքը, Բրիտանական բժշկական ասոցիացիան օգտագործում է գնաճի հաշվարկման հնացած մեթոդիկա։ Սպառողական գների ինդեքսի օգտագործման դեպքում կստացվի, որ բժիշկների աշխատավարձերը 2010 թվականից ի վեր կրճատվել են 15%-ով։
Ըստ Առողջապահության ազգային ծառայության վերլուծաբանների հաշվարկների՝ վերջին 8 ամսվա ընթացքում բուժաշխատողների բազմաթիվ գործադուլների պատճառով Մեծ Բրիտանիայում բժիշկների մոտ 700 հազար խորհրդատվություն է չեղարկվել։ Հուլիսի 18-ին ավարտված բժիշկ-ինտերնների հնգօրյա գործադուլի ընթացքում օգնություն չի ցուցաբերվել գրեթե 102 հազար մարդու։
Բժշկական անձնակազմի գործադուլների պատճառով Մեծ Բրիտանիայում բժշկական ծառայություններ ստանալու համար ռեկորդային հերթ է գոյացել։ Մեկ շաբաթ առաջ հրապարակված վիճակագրության համաձայն՝ հերթում սպասում է 7,47 միլիոն մարդ։ Դա ամենաբարձր ցուցանիշն է 2007 թվականի օգոստոսից ի վեր, երբ սկսել են նման վիճակագրություն վարել: