Բորելն առաջարկել է ընդլայնել ուկրաինացի զինծառայողների վերապատրաստման ծրագիրը
Եվրամիությունը կարող է քննարկել ուկրաինացի զինծառայողների վերապատրաստման միջոցառումներն աստիճանաբար Ուկրաինա տեղափոխելու հարցը։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС-ի հրապարակումից։
Նշվում է, որ DPA գործակալության տրամադրության տակ է հայտնվել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի առաջարկություններով փաստաթուղթը, որը պատրաստվել է հուլիսի 20-ին ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման առթիվ։
Բորելն, ինչպես գրում է DPA-ը, արտգործնախարարների հանդիպման առթիվ առաջարկել է զգալիորեն ընդլայնել Ուկրաինայի զինված ուժերի համար զինվորական պատրաստության ծրագիրը։ Այսպիսով, եթե հանգամանքները թույլ տան, կարելի կլինի դիտարկել ուսումնական միջոցառումներն աստիճանաբար Ուկրաինա տեղափոխելու հնարավորությունը: Բացի այդ, Բորելը խորհուրդ է տալիս լրացուցիչ միլիարդներ հատկացնել Կիևին զենքի և տեխնիկայի մատակարարման համար։
Գործակալության տվյալներով՝ 25 հազար ուկրաինացի զինծառայողներ արդեն ավարտել են վերապատրաստման ծրագիրը կամ դեռ վերապատրաստում են անցնում ԵՄ երկրներում։ Ուկրաինայի զինված ուժերի պատրաստման ընթացիկ պլանները, ինչպես նշում է գործակալությունը, նախատեսում են 30 հազար ուկրաինացի զինվորականների վերապատրաստում Եվրամիության տարածքում: