Suzuki-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս շպրտվել և հայտնվել է BMW-ի սրահում և տեղում մահացել
Հուլիսի 19-ին մահվան ելքով կրկնակի վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:45-ի սահմաններում Suzuki մակնիշի ավտոմեքենան Ագաթանգեղոս 28/6 շենքի հարևանությամբ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնի: Այս մասին գրել է Shamshyan.com-ը։
Վրաերթի ենթարկվածը շպրտվել է հանդիպակաց երթևեկելի գոտի և ընկել BMW մակնիշի ավտոմեքենայի դիմապակու վրա՝ ողջ մարմնով հայտնվելով ավտմեքենայի մեջ:
Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, BMW-ի վարորդին էլ օպերատիվորեն ժամանած շտապօգնություն բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց:
Suzuki-ի վարորդին բժիշկները նույնպես տեղափոխել են հիվանդանոց։
Փրկարարները դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել դիատարին։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: