Ով է Երևանի ավագանու ընտրություններում ՔՊ երրորդ համարը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւանի ավագանու ընտրություններում իշխող ՔՊ-ի ընտրացուցակի 3-րդ համարը՝ առաջին կինը, մայրաքաղաք Երեւանի քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի մշտակական հանձնաժողովի նախագահ Նուարդ Վարդանյանն է: Թեեւ նա ի պաշտոնե պետք է քաղաքաշինական ճգնաժամի մասին հոգ տանի, բայց մայրաքաղաքը ճկում է քաղաքաշինական բեռի տակ. առանց բացառության բոլոր համայնքներում շինարարություն է ընթանում՝ հաճախ իրավական նորմերին չհամապատասխանող, բայց Վարդանյանը Երեւանի փողոցների անվանափոխության հարցում է առավել ակտիվ:
Հիմա էլ զբաղված է երեւանցի արվեստագետների հետ քաղաքային իշխանության հարաբերությունների ջերմացմամբ: Իսկ քաղաքաշինությունը նրան հետաքրքրում է՝ զուտ ազգակցական կապերով պայմանավորված, քանի որ նրա հորեղբայրը՝ ճարտարապետ Լեւոն Վարդանյանը՝ հայտնի մականունով, չի կտրվում Երեւանի քաղաքաշինության ոլորտից: Լեւոն Վարդանյանը Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի կադրերից է, որը նաեւ Արթուր Մեսչյանի ժամանակ էր շարունակում «գերիշխող» դիրք ունենալ քաղաքային այդ ոլորտում:
Այսինքն՝ քաղաքաշինական ոլորտում շարունակում են թելադրող մնալ նախկին կադրերն ու բարքերը: Դե իսկ Նուարդ Վարդանյանի ամուսինն էլ նորահայտ բիզնեսմեն է. Ստեփան Մարգարյանը ՀՀ կառավարության՝ արտադրական կանեփի թույլատրման որոշումից անմիջապես հետո հիմնադրված «Գրոուար» ընկերության բաժնետոմսերի 45 տոկոսի բաժնետերն է: Այսինքն՝ ՔՊ ավագանու ընտրացուցակի 3-րդ համարը ե՛ւ նախկին է, ե՛ւ նոր հարստացած ներկա: Ի դեպ, Նուարդ Վարդանյանի քույրը ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանն է, որը պետբյուջեի հաշվին ամենաշատը գործուղման մեկնած պատգամավորներից է:
Իսկ Նուարդի հայրը Ժոկոն է՝ Գեւորգ Վարդանյանը. 1993-ին եղել է ՀՀ պետնախարար, 1995-1998թթ.՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, 1998-2000թթ՝ բնապահպանության նախարար: Նուարդ Վարդանյանը հայտնի դարձավ հանրությանը իր ագրեսիվ մի արտահայտությամբ, երբ հայտարարեց. «Ես՝ որպես 90-ականների երեխա, ով էդ սարսափի մեջ է մեծացել, թույլ չեմ տալու, որ զարմուհիս ու մնացած մեր երեխաները դա ապրեն:
Անհրաժեշտության դեպքում հատ-հատ բոլորիդ ականջները կծամեմ»: Ահա «ականջ ծամելու» պատրաստակամություն հայտնածը ՔՊ-ի 3-րդ համարն է: Հերթով կանդրադառնանք թեկնածուներին:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: