Մարությանը կմասնակցի՞ ընտրություններին, թե՞ ոչ. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ընտրություններին քիչ ժամանակ է մնում, մինչդեռ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ըստ թիմակիցների, դեռ վերջնական որոշում չունի` առաջադրվել, թե ոչ։ Հստակ չէ նաեւ, թե որ կուսակցության կողմից է առաջադրվելու, իսկ նորը հիմնադրելու ժամանակ արդեն չկա։ Ընտրությանը մնացել է 2 ամիս, գրեթե բոլոր թեկնածուների մասին կա տեղեկատվություն, իսկ Մարությանը շարունակում է մոնոներկայացումները։ Ի դեպ, ասում են, որ վերջին ներկայացումների տոմսերը ոչ թե վաճառվել են, այլ հիմնականում բաժանել է, որ դահլիճը կիսադատարկ չլինի։
Մյուս կողմից, փակված չեն նաեւ տարբեր չարաշահումների առիթով հարուցված քրգործերը։ Իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել անգամ Չեխիայում Մարությանի բարեկամների, այդ թվում` կնոջ եւ հարազատների հաշիվներին փոխանցված գումարների վերաբերյալ շրջանառվող խոսակցությունները։ Եվ նա, ըստ ամենայնի, չի ցանկանա դառնալ իշխող կուսակցության թշնամին` այս նախաքննության ֆոնին։ Մանավանդ որ գրեթե բոլոր հարցումները ցույց են տալիս, որ Տիգրան Ավինյանը թեկնածուների մեջ առաջատարն է, ինչը Մարությանին մտածելու տեղիք է տվել, որովհետեւ գիտակցում է, որ 50+1 տոկոս հավաքելու եւ քաղաքապետ ընտրվելու հավանականությունը բացառված է։ Հետեւապես, մեծ ռեսուրսներ եւ ջանք թափել՝ Երեւանի ավագանիում մի քանի հոգանոց խմբակցություն ունենալու համար, անիմաստ է։
Ավելին, Մարությանին չի հաջողվել համոզել երկրում գործող որոշ հայտնի կուսակցություններին` առաջադրելու իր թեկնածությունը, ինչը նշանակում է, որ նա ստիպված է լինելու առաջիկա 1-2 շաբաթվա մեջ հավաքել թիմ, մտնել մարդ-կուսակցություններից մեկը, կազմել ցուցակ։ Մինչդեռ մյուս մասնակիցները վաղուց հստակեցրել են այդ հարցերը եւ մտել քարոզչական փուլ։ Այնպես որ, Մարությանի առաջադրման հարցը դեռ հարցականի տակ է»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: