Սեյսմոլոգները զգուշացնում են Ստամբուլում հնարավոր ավերիչ երկրաշարժի մասին
Թուրքիայի իշխանությունները մտադիր են սկսել Ստամբուլի նախապատրաստումը հնարավոր ավերիչ երկրաշարժին, որի մասին զգուշացնում են սեյսմոլոգները: Այս մասին հայտնել է Թուրքիայի բնապահպանության եւ քաղաքաշինության նախարար Մեհմեթ Օզխասեկին։
«Մենք հանդիպեցինք Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի եւ շրջանների ղեկավարների հետ, քննարկեցինք Ստամբուլում հնարավոր երկրաշարժը եւ հասանք սկզբունքային համաձայնության։ Մենք սկսում ենք տարերքի հարվածին նախապատրաստվելու աշխատանքները հաջորդ շաբաթ»,-ասել է Օզխասեկին։
Նրա խոսքով՝ մեգապոլիսը սեյսմիկ վտանգի տեսանկյունից աշխարհի ամենավտանգավոր քաղաքների տասնյակում է։
«Երկրաշարժի վտանգը քաղաքականությունից դուրս թեմա է։ Մենք չպետք է կորցնենք ոչ մի վայրկյան»,-նշել է նա։ Ստամբուլում հաշվարկվում է 5 մլն 800 հազար անկախ շինություն։ Դրանցից 1,5 միլիոնը գտնվում է ռիսկային գոտում, 600 հազարը՝ բարձր ռիսկային գոտում։
Հուլիսի 12-ին թուրք սեյսմոլոգ Նաջի Գերյուրը 7,2-7,6 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ է կանխատեսել Մարմարա ծովի շրջանում, որտեղ գտնվում է 17 միլիոնանոց քաղաքը: Ավելի վաղ սեյսմոլոգները բազմիցս զգուշացրել էին Ստամբուլի շրջանում ուժեղ երկրաշարժի հնարավորության մասին, որը գտնվում է Անատոլիական եւ Եվրասիական տեկտոնական թիթեղների հանգույցում: