Թուրքիայում Ուկրաինայի դեսպանը նշել է ցորեն տեղափոխող նավերի նոր հնարավոր երթուղին
Ուկրաինական ցորեն տեղափոխող նավերը կարող են անցնել ոչ թե ցորենի գործարքի շրջանակում մինչ այժմ համաձայնեցված երթուղով, այլ Ռումինիայի եւ Բուլղարիայի տարածքային ջրերով, ասել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը, տեղեկացրել է news.am-ը։
«Մենք ունենք նաեւ նավեր եւ ընկերություններ ներգրավելու հնարավորություն։ Մեր տեսակետից դա կարելի է իրականացնել՝ անգամ չօգտագործելով այն երթուղին, որն արդեն համաձայնեցված էր, այլ Ռումինիայի եւ Բուլղարիայի տարածքային ջրերով։ Դա նաեւ հնարավոր տարբերակ է, որպեսզի նվազագույնի հասցվեն ռիսկերը»,- ասել է նա։
Բոդնարի խոսքով՝ այս դեպքում պետք է «միջազգային հանրության պատասխանատվությունը», որը կօգներ Ուկրաինային իրականացնել այդ սցենարը եւ կզսպեր Ռուսաստանին հնարավոր գրոհներից։
Ռուսաստանի ԱԳՆ-ն, հայտարարելով ցորենի գործարքի երկարացման դեմ առարկությունների մասին, տեղեկացրել է, որ Մոսկվան հետ է կանչում նավագնացության անվտանգության երաշխիքները Սեւ ծովի հյուսիսարեւմտյան ջրավազանում, փակում է ծովային հումանիտար միջանցքը եւ վերականգնում է ժամանակավորապես վտանգավոր շրջանի ռեժիմը։ Բացի այդ, հայտարարվել է Ստամբուլում Համատեղ համակարգող կենտրոնի լուծարման մասին, որը վերահսկում էր ցորենի արտահանումն Ուկրաինայից։
Գերատեսչությունը հնարավոր է համարել, որ Ռուսաստանը կվերադառնա գործարքին մասնակցությանը, եթե ի հայտ գան իր պահանջների կատարման «կոնկրետ արդյունքներ», որոնք ենթադրում են երկրի գյուղատնտեսական արտահանման սահմանափակումների չեղարկում։