Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահը ՄՔԴ-ից թույլտվություն է խնդրել Պուտինին չձերբակալելու մասին
Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահը Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) խնդրել է թույլ տալ չձերբակալել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Սիրիլ Ռամաֆոսան այս հայտարարությունն արել է ի պատասխան դատական հայցի, որը ներկայացվել է ընդդիմադիր «Դեմոկրատական դաշինքի» կողմից՝ կառավարությանն ստիպելու համար ձերբակալել Ռուսաստանի նախագահին, եթե նա գա Յոհանեսբուրգ, ԲՐԻԿՍ գագաթաժողովին։ Ռամաֆոսայի խոսքով՝ Պուտինի ձերբակալությունը հավասարազոր կլինի պատերազմ հայտարարելուն, տեղեկացրել է «Ռոյթըրը»։
«Հարավաֆրիկյան Հանրապետությունն ակնհայտ խնդիրներ ունի՝ կապված նախագահ Պուտինի ձերբակալման եւ հանձնման խնդրանքի հետ։ Ռուսաստանը հստակ հասկանալ է տվել, որ նրա գործող նախագահի ձերբակալումը կլինի պատերազմի հայտարարում»,- նշվել է Ռամաֆոսայի հայտարարությունում։ Նա նշել է, որ նախաձեռնել է խորհրդակցություններ ՄՔԴ-ի հետ այս հարցի վերաբերյալ, բայց մանրամասները նշել չի կարող։
Մարտին ՄՔԴ-ն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր էր տվել Կիեւի վերահսկմանը չենթարկվող տարածքներից Ռուսաստան ուկրաինացի երեխաների անօրինական բռնահանման կասկածանքով։
ԲՐԻԿՍ երկրների գագաթաժողովը, որին հրավիրված է Վլադիմիր Պուտինը, տեղի է ունենալու օգոստոսին։ Հարավաֆրիկյան Հանրապետությունն այն երկրների շարքում է, որոնք ստորագրել են Հռոմի ստատուտը, որը պարտավորեցնում է նրան կատարել ՄՔԴ որոշումները եւ ձերբակալել Պուտինին, հենց որ նա գա։
Ավելի վաղ Հարավաֆրիկյան Հանրապետության փոխնախագահ Փոլ Մաշաթիլեն հայտարարել էր, որ երկրի իշխանությունները Պուտինին համոզում են չգալ գագաթաժողովին։ Միեւնույն ժամանակ, հարավաֆրիկյան իշխանությունների տվյալներով՝ Մոսկվան դեմ է այն առաջարկին, որ ռուսական պատվիրակությունը գագաթաժողովում գլխավորի Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, իսկ Հնդկաստանը եւ Բրազիլիան դեմ են միջոցառումը Չինաստան տեղափոխելուն։
Կրեմլն իր կողմից հայտարարել է, որ Յոհանեսբուրգի հանդիպմանը Ռուսաստանի նախագահի մասնակցության ձեւաչափը դեռ որոշված չէ։