Հյուսիսային Կորեան 2 հրթիռ է արձակել Ճապոնական ծով ԱՄՆ միջուկային սուզանավի՝ Հարավային Կորեա ժամանելուց հետո
Հյուսիսային Կորեան երկու փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծով այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի միջուկային ռազմավարական սուզանավը ժամանել է Հարավային Կորեայի Բուսան նավահանգիստ։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Yonhap գործակալության հրապարակումը։
Ըստ Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեի՝ հրթիռներն արձակվել են Փհենյանի հատվածից գիշերը ժամը 3։30-ից 3։46-ի շրջանում, թռել են 550 կմ, որից հետո ընկել են ծովը։
Միացյալ կոմիտեն դատապարտել է այդ արձակումները՝ դրանք անվանելով «զգալի սադրանք», որը խաթարում է խաղաղությունը ոչ միայն Կորեական թերակղզում, այլև ամբողջ միջազգային համայնքի համար։ Իսկ Հարավային Կորեայի նախագահական գրասենյակը անվտանգության մոնիթորինգի հետ կապված նիստ է անցկացրել։
Արձակման նախորդ օրը Հարավային Կորեան և ԱՄՆ-ն անցկացրել էին Միջուկային խորհրդատվական խմբի առաջին հանդիպումը, որը համընկել էր Հարավային Կորեայի Բուսան նավահանգիստ ԱՄՆ ռազմածովային ուժերի «Կենտուկի» միջուկային ռազմավարական սուզանավի ժամանման հետ։
Հուլիսի 12-ին Փհենյանը փորձարկել էր «Հվանսոն-18» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը։