Արցախի ապագան ադրբեջանցիների հետ տեսնելու մոտեցումը բացառապես փաշինյանական ռեժիմի դիրքորոշումն է. Աբրահամյան
Իշխող ՔՊ ներկայացուցիչը հայտարարում է, թե «մենք ճանաչել և հայտարարում ենք Ադրբեջանի տարածքում գոյություն ունեցող 120 հզ.-ոց հայկական համայնքի իրավունքներն ու սկզբունքները»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Նա նաեւ նշել է. «Հիմա, այս պարագայում Արցախի նախագահը նստացույց կանի, հացադուլ կանի, թե գործադուլ, տարբեր դեսպանատների դիմաց ակցիաներ, մեկ է` մեր միջազգային գործընկերներն անընդհատ մեր «աչքն են մտցնելու» փաշինյանական ռեժիմի նմանատիպ հայտարարությունները:
Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու, Արցախի ապագան ադրբեջանցիների հետ տեսնելու, Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի հայկական համայնք դիտարկելու մոտեցումը բացառապես փաշինյանական ռեժիմի դիրքորոշումն է և որևէ կապ չունի հայ ժողովրդի կամքի և ցանկության հետ:
Արցախի հարցում բեկում մտցնելու ցանկություն ունեցող խմբերը` Արցախում, թե Հայաստանում, ԱՊԱՔԱՂԱՔԱԿԱՆ օրակարգով դիմակայելու հնարավորություն պարզապես չունեն:
ՀԳ. քպ-ականի հարցազրույցը մեկնաբանություններում կտեղադրեմ և որքան էլ տհաճ լինի, սա պետք է լսեն հատկապես այն գործիչները, ովքեր Արցախում ստեղծված իրավիճակի պատճառների մասին խոսելիս վախենում ու խուսափում են հիշատակել ՀՀ իշխանություններին»։