ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են «հացահատիկի գործարքը»
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հուլիսի 17-ին հեռախոսազրույց են անցկացրել։
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ արտգործնախարարները քննարկել են «Սևծովյան հացահատիկի գործարքի» և Ռուսաստանից հրդեհաշիջման ինքնաթիռների գնման շուրջ ընթացիկ իրավիճակը։
Ֆիդանը «հացահատիկի գործարքի» շուրջ տեղի ունեցող զարգացումները քննարկել էր նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:
Մոսկվան հրաժարվել է երկարաձգել «հացահատիկի գործարքը», որի գործողության ժամկետը լրանում է հուլիսի 17-ին։
«Փաստորեն, այսօր սևծովյան պայմանավորվածությունները դադարեցին գործել։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահը, վերջնաժամկետը հուլիսի 17-ն է։ Ցավոք սրտի, սևծովյան այս համաձայնագրում Ռուսաստանին վերաբերող հատվածը մինչ օրս չի իրականացվել։ Ուստի դրա գործողությունը դադարեցվում է», - լրագրողներին ասել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովը նշել է, որ Մոսկվան անմիջապես կվերադառնա սևծովյան համաձայնագրերի իրականացմանը, հենց իրականացվի «հացահատիկի գործարքի» ռուսական մասը։