Առանց Ռուսաստանի մասնակցության «հացահատիկի գործարքը» շարունակելու փորձերը կհանգեցնեն ռիսկերի․ Պեսկով
Առանց Ռուսաստանի մասնակցության «հացահատիկի գործարքը» շարունակելու փորձերը կհանգեցնեն ռիսկերի, քանի որ հացահատիկային միջանցքը հարում է մարտական գործողությունների գոտուն։ Այդ միջանցքն, ըստ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, նույնիսկ հենց Կիևի կողմից օգտագործվում է մարտական նպատակներով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այսպես է Պեսկովը մեկնաբանել ուկրաինական կողմի առաջարկը Թուրքիային՝ շարունակել հացահատիկի արտահանումն Ուկրաինայից՝ չնայած սևծովյան նախաձեռնությանը Ռուսաստանի մասնակցության դադարեցմանը:
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ այս հարցը «մեկնաբանության կարիք ունի» ռուսաստանցի զինվորականների կողմից, քանի որ խոսքը մարտական գործողությունների շրջանին անմիջականորեն մոտ գոտու մասին է։
«Եվ առանց անվտանգության համապատասխան երաշխիքների այնտեղ որոշակի ռիսկեր են առաջանում: Ուստի, եթե ինչ-որ բան ձևակերպվի առանց Ռուսաստանի, ապա պետք է հաշվի առնվեն այդ ռիսկերը: Այստեղ մենք չենք կարող ասել, թե որ երկրներն են պատրաստ ստանձնելու այդ ռիսկերը և որքանով», - Պեսկովի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտնել էր, որ պաշտոնական ուղերձներ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ առաջարկելով շարունակել հացահատիկի գործարքը կամ կնքել դրա նման գործարք եռակողմ ձևաչափով՝ առանց Ռուսաստանի Դաշնության մասնակցության:
Ռուսաստանը «հացահատիկի գործարքից» դուրս գալու մասին հայտնել էր հուլիսի 17-ին, երբ լրացավ գործարքի երկարաձգման վերջնաժամկետը։ Կրեմլում այս քայլը պատճառաբանում են նրանով, որ սևծովյան համաձայնագրերի՝ Ռուսաստանին վերաբերող մասը չի կատարվել։