Երեք ամիս ծովում մոլորված ավստրալացի տղամարդը և նրա շունը փրկվել են ձկնորսական նավի կողմից
Ավստրալացի նավաստին և նրա շունը երեք ամիս բաց ծովում մնալուց հետո միջազգային ջրերում փրկվել են մեքսիկական ձկնորսական նավի կողմից։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալության հրապարակումը։
Նշվում է, որ 54-ամյա Թիմոթի Լինդսի Շեդոքին և նրա շուն Բելլային գտել են Խաղաղ օվկիանոսում՝ ցամաքից 1900 կմ հեռավորության վրա։ Շեդոքի կատամարանը փոթորկի ժամանակ վնասվել էր, էլեկտրոնային համակարգը՝ խափանվել։
Տղամարդը և նրա շունը ողջ են մնացել՝ ուտելով հում ձուկ և խմելով անձրևաջրեր։
«Ես շատ ծանր փորձություն եմ անցել ծովում, և ինձ հարկավոր է հանգիստ և լավ սնունդ, որովհետև երկար ժամանակ ծովում մենակ եմ եղել։ Իսկ, ընդհանուր առմամբ, իմ առողջական վիճակը լավ է», - ասել է տղամարդը։
Շեդոքը, որը Սիդնեյի բնակիչ է, մեքսիկական Լա Պաս քաղաքից դուրս էր եկել ապրիլին՝ ուղևորվելով դեպի Ֆրանսիական Պոլինեզիա։