ՄԻ պաշտպանն այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ․ առանձնազրույց է ունեցել նաև Վարուժան Ավետիսյանի հետ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը չհայտարարված այց է իրականացրել ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին հայտնել է ՄԻՊ գրասենյակը։
Պաշտպանին ուղեկցել է ՄԻՊ աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը։
Անահիտ Մանասյանը հանդիպում է ունեցել քրեակատարողական հիմնարկի ղեկավար անձնակազմի հետ և քննարկել ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներ տեղափոխելու, տրանսպորտային միջոցներին առնչվող մի շարք հարցեր:
Այցի շրջանակում Պաշտպանն առանձնազրույց է ունեցել նաև դատապարտյալ Վարուժան Ավետիսյանի հետ։ Անահիտ Մանասյանը տեղում ծանոթացել է նրա առողջական վիճակին և անհրաժեշտ փաստաթղթերին։
Պաշտպանի այցելությունները քրեակատարողական հիմնարկներ և ազատությունից զրկման այլ վայրեր կրում են շարունակական բնույթ: