Ուկրաինան հաղորդել է Օդեսա և Նիկոլաև քաղաքների, իսկ Ռուսաստանը՝ Բելգորոդի և Կուրսկի մարզերի գնդակոծության մասին
Ռուսաստանի և Ուկրաինայի զինված ուժերը շարունակել են հարվածներ հասցնել մեկը մյուսին, ինչի հետևանքով տուժել են քաղաքացիական անձինք։ Չնայած շարունակվող ինտենսիվ ռազմական գործողություններին՝ Բրիտանիան հայտնել է, որ կողմերը շատ փոքր առաջխաղացում են գրանցել։
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ РБК-Украина պարբերականը հաղորդում է, որ Ուկրաինայի Օդեսա քաղաքն այս գիշեր ենթարկվել է գնդակոծության, որի հետևանքով 1 մարդ վիրավորվել է, վնասվել են նավահանգստի ենթակառուցվածքի օբյեկտներ, մի քանի մասնավոր տներ, կոտրվել են մի շարք շենքերի ապակիներ։
Նշվում է նաև, որ գնդակոծությունից հետո ռուսական ուժերը Սև ծովից Օդեսայի ուղղությամբ արձակել են 6 «Կալիբր» հրթիռ, որոնք բոլորը ոչնչացվել են հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։
Գիշերը անօդաչու թռչող սարքերով հարձակման է ենթարկվել է նաև Ուկրաինայի հարավում գտնվող Նիկոլաև քաղաքը, տուժածներ չկան։
Ռուսական կոմն էլ հաղորդել է ուկրաինական հարվածների մասին։ Ըստ Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի՝ ուկրաինական ուժերի գնդակոծության հետևանքով Շամինո բնակավայրում 5 մարդ է վիրավորվել։
Իր հերթին, Կուրսկի մարզի նահանգապետ Ռոման Ստարովոյտը հայտնել է Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Ելիզավետովկա գյուղի գնդակոծության մասին, որի հետևանքով հրդեհ է բռնկվել։
Իսկ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Վլադիմիրովկա բնակավայրում, ըստ ТАСС-ի հրապարակման, գնդակոծության հետևանքով 1 մարդ է զոհվել։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հաղորդել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում կանխվել է անօդաչու թռչող սարքերով Ղրիմին հարվածելու՝ Ուկրաինայի փորձը։ Ըստ գերատեսչության՝ խոցվել է 28 ԱԹՍ։ Տուժածներ չկան։ ՌԴ ՊՆ-ն նաև հաղորդել է 43 ուկրաինական ԱԹՍ խոցելու, ինչպես նաև HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 3 արկ որսալու մասին։
Ռազմական գործողությունների մասին ամենօրյա տեղեկագրում Բրիտանիայի հետախուզությունը հայտնել է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում մարտերը շարունակվել են առաջնագծի տարբեր հատվածներում, սակայն ո՛չ ռուսական, ո՛չ ուկրաինական կողմը լուրջ առաջխաղացում չեն գրանցել։