Եվրոպայի հարավում ջերմաստիճանը կարող է հասնել 50 աստիճանի
«Քարոն» անտիցիկլոնը, որը Եվրոպային է մոտենում Սահարայից, եվրոպական երկրներին սպառնում է ռեկորդային` մինչև Ցելսիուսի սանդղակով 50 աստիճան տաքությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով օդերևութաբանական ծառայությունների տվյալները։
Ըստ գործակալության տեղեկատվության՝ Սարդինիա կղզում հուլիսի 19-ին ջերմաստիճանը կարող է հասնել գրեթե 50 աստիճանի։ Նույն օրն Իտալիայի 23 խոշորագույն քաղաքներում կգործի Առողջապահության նախարարության արտակարգ նախազգուշացում սաստիկ շոգի մասին։
Աթենքում, Հռոմում և Մադրիդում արդեն գրանցվում են բարձր ջերմաստիճաններ։ Ինչպես նշում է գործակալությունը, Եվրոպայի երկրներում կարող են հրդեհներ առաջանալ սաստիկ քամիների պատճառով։ Մասնավորապես, Աթենքի մերձակայքում հրդեհն արդեն մի քանի տներ է ոչնչացրել։ Կանարյան կղզիներից մեկում՝ Պալմա կղզում, լայնածավալ հրդեհների պատճառով ավելի քան 4 հազար մարդ է տարհանվել։
Եվրոպայում վերջին ջերմաստիճանային ռեկորդը գրանցվել է 2021 թվականին, երբ Սիցիլիա կղզում ջերմաստիճանը հասել է 48,8 աստիճանի։ Հյուսիսային կիսագնդում արտակարգ եղանակային երևույթներն ավելի ու ավելի հաճախակի են դառնում։ Ըստ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության՝ գլոբալ տաքացման հետևանքով ծայրահեղ եղանակային պայմանները «ցավոք, դառնում են նոր նորմա»։