Հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրներին է ներկայացվել կոռուպցիայի դեմ պայքարում գրանցած առաջընթացը
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրներին: Տեսակապով հանդիպմանը մասնակցել են նաև Լեռնային Ղարաբաղի հակակոռուպցիոն դպրոցի ուսանողները:
Հանդիպման ընթացքում ունկնդիրներին են ներկայացվել հակակոռուպցիոն քաղաքականության ոլորտում Արդարադատության նախարարության գործառույթներն ու կատարած աշխատանքները, արձանագրված բարեփոխումները։ Ունկնդիրների կողմից բարձրացված հարցադրումներին տրվել են պատասխաններ:
Նախարարի տեղակալն արձանագրել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության առաջնային ուղղություններից է և անդրադարձ է կատարել Հայաստանում վերջին տարիների ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարում գրանցած մեծ առաջընթացին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք կարևոր հարցեր, ինչպիսիք են՝ ՀՀ քաղաքացիների շրջանում իրավագիտակցության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքները՝ մասնավորապես կարևորելով իրազեկման արշավների դերը: Քննարկվել է դատաիրավական և հակակոռուպցիոն ռազմավարական ծրագրի ընթացքը՝ ներառյալ հակակոռուպցիոն դատարանների ձևավորումը, վեճերի լուծման ուղղությամբ ձեռնարկված այլընտրանքային քայլերը, ինչպես նաև Արդարադատության նախարարության թվային օրակարգը: