Ռուսաստանը պետք է կատարի Լեռնային Ղարաբաղը պաշտպանելու իր պարտավորությունը. ռուս փորձագետ
ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում հստակ ներկայացված չէ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը
Նրա խոսքով՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանը զուգընթաց Երևանը պնդում է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքը՝ պահպանելու իրենց իրավունքները, և որ ապահավվիւ իրենց անվտանգությունը, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռ որոշված չէ։
«Եթե նախկինում Հայաստանը Լեռնային Ղարաբաղն իրենն էր համարում, ապա այժմ այն իրենը չի համարում, բայց դա չի նշանակում, որ Լեռնային Ղարաբաղը պետք է ենթարկվի Ադրբեջանին, թեև ֆորմալ առումով գտնվում է Ադրբեջանի տարածքում։ Սակայն դրա կարգավիճակն այս տարածքում որոշված չէ։ Սա հենց է Հայաստանի դիրքորոշումը, և ոչ թե այն, որ Լեռնային Ղարաբաղն անցնում է Բաքվի ռեժիմի վերահսկողության տակ։ Ես սա չտեսա Հայաստանի դիրքորոշման մեջ։ Իսկ ՌԴ ԱԳՆ-ն փորձում է ամեն ինչ ներկայացնել այնպես, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղը տվել է Ադրբեջանին, ուստի Բաքուն պետք է լուծի այդ հարցը։ Այսինքն՝ ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ կա Հայաստանի դիրքորոշման խեղաթյուրում։
Բացի այդ, հենց այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի իրավունքներ, նշանակում է, որ այս տարածքի կարգավիճակը պետք է որոշվի՝ հաշվի առնելով ոչ միայն Բաքվի ռեժիմի, այլ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կարծիքը։ Ինչպես Կոսովոն, Աբխազիան և Հարավային Օսիան, Լեռնային Ղարաբաղը նույնպես ունի ինքնորոշման իրավունք»,- նշել է փորձագետը։
Այս պահը, նրա կարծիքով, շրջանցված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, այդ մասին ընդհանրապես ոչինչ չի ասվում։
«Ըստ ՌԴ ԱԳՆ հայտարարության՝ պարզվում է, որ Երևանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և այն, ինչ մտածում է ինքը՝ Լեռնային Ղարաբաղը, էական չէ։ Սա վրդովեցնող դիրքորոշում է։ Ինչո՞ւ, մարդիկ այնտեղ չե՞ն ապրում։ Այնտեղ ապրում է 120 հազար մարդ, և նրանք ուզում են ապրել իրենց ձևով, իրենց ավանդույթների հիման վրա, իրենց գաղափարների հիման վրա։ Նշանակում է, որ նրանց պետք է այնտեղից վտարե՞լ։ ՌԴ ԱԳՆ-ն ընդհանրապես չի անդրադառնում այս հարցին, թեեւ Ռուսաստանը պարտավորվել է պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։
Իսկ ինչո՞ւ են այս դեպքում խաղաղապահներ բերվել։
Ռուսաստանը համաձայնել է խաղաղապահներ մտցնել, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղը վերցնել իր պրոտեկտորատի տակ, և դրա համար մի քանի շրջաններ առանց կռվի վերադարձվեցին Ադրբեջանին։ Իսկ այնտեղ, ի վերջո, պատերազմը կարող էր շարունակվել ամիսներով, և հայտնի չէ, թե ինչով այն կավարտվեր։ Հայերը զիջումների գնացին այն բանի դիմաց, որ Ռուսաստանը պաշտպանության տակ առավ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Իսկ հիմա Ռուսաստանն ասում է՝ ինչո՞ւ երրորդ երկրների վրա բարդել։ Մենք դրա հետ կապ չունենք»,- ասաց քաղաքագետը։
Նա դա «շատ տարօրինակ դիրքորոշում» անվանեց։
«Ռուսաստանն իր վրա է վերցրել Լեռնային Ղարաբաղը պաշտպանելու պարտավորությունը և պետք է կատարի այդ պարտավորությունը։ Առնվազն մինչև 2025 թվականը Ռուսաստանը պատասխանատու է Լեռնային Ղարաբաղի հայերի ճակատագրի համար։ Կարծում եմ՝ հարցին պետք է այսպես մոտենալ, և ոչ այնպես, որ մենք դրա հետ կապ չունենք»,- եզրափակել է Ալեքսանդրովը։