Վարչական դատարանը մերժել է Դավիթ Բալայանի միջնորդությունը. Դատավորների ժողովը կկայանա
Վարչական դատարանը՝ դատավոր Դանիել Դանիելյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել Երեւանի քրեական դատարանի դատավոր Դավիթ Բալայանի ներկայացրած հայցն՝ ընդդեմ Դատական դեպարտամենտի ղեկավարի, սակայն մերժել է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից:
Դատարանի որոշմամբ՝ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանը ներգրավվել է որպես երրորդ անձ։
Նշենք, որ Դավիթ Բալայանը պահանջում է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության համար քվեաթերթիկում ներառելու ծանուցումը միայն մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորներին ուղարկելու գործողությունը ոչ իրավաչափ ճանաչել եւ որպես հետեւանք՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության համար քվեաթերթիկում ներառելու ծանուցում ուղարկել առաջին ատյանի դատարանների բոլոր այն դատավորներին, ովքեր բավարարում են Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուի համար սահմանված պահանջներին։