Ավտոբուսների համար երթևեկության առանձին գծեր կլինեն նաև Գարեգին Նժդեհ փողոցում
Երևանի Գարեգին Նժդեհ փողոցում նախատեսվում է առանձնացնել ավտոբուսային գծեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քաղաքապետարանի գործակարգավարական նիստում այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը:
«Հասարակական տրանսպորտի համար առանձնացված նոր երթևեկելի գոտիների ներդրմամբ աշխատանքների շրջանակում ներկայումս իրականացվում են Գարեգին Նժդեհ փողոցի երթևեկության կազմակերպման փոփոխության սխեմաների մշակման աշխատանքներ, որը նախատեսում է նշված փողոցում առանձնացված ավտոբուսային գծի ներդրում»,-ասաց Հարությունյանը:
Գարեգին Նժդեհ փողոցի ընտրությունը նա պայմանավորեց նշված հատվածով թվով 21 հասարակական տրանսպորտի երթուղիների սպասարկմամբ, երթուղիների ինտենսիվությամբ: Առաջիկա շաբաթների ընթացքում կհրապարակվեն Գարեգին Նժդեհ փողոցի երթևեկության կազմակերպման փոփոխության նոր սխեմաները, կսկսեն իրականացվել գծանշման աշխատանքները, ինչպես նաև կահավորումը՝ համապատասխան ճանապարհային նշաններով:
«Այս փոփոխությունը հնարավորություն կտա հասարակական տրանսպորտից օգտվողներին խուսափել նշված փողոցի տրանսպորտային հոսքերի խցանումներից և կնվազեցնի ուղևորության միջին տևողությունը տվյալ փողոցը սպասարկող երթուղիների համար»,-ասաց Հարությունյանը:
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հիշեցրեց՝ ինչպես խոստացել էին՝ տրանսպորտային բարեփոխման կարևորագույն մաս են ավտոբուսային առանձնացված գծերը, որով հասարակական տրանսպորտին տալիս են առավելություն՝ մարդատար մյուս ավտոմեքենաների նկատմամբ: