Ուկրաինայում պաշտոնապես մեկնաբանել են Ղրիմի կամրջի վրա հարձակումը
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ Ղրիմի կամրջի վրա հարձակման բոլոր մանրամասները կբացահայտի «Ռուսաստանի նկատմամբ հաղթանակից հետո»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին РБК-Украина-իմ հայտնել է Ուկրաինայի անվտանգության ծառայության խոսնակ Արտյոմ Դեխտյարենկոն։
«Առայժմ մենք հետաքրքրությամբ հետևում ենք, թե ինչպես պուտինյան ռեժիմի խորհրդանիշներից մեկը հերթական անգամ չկարողացավ դիմակայել ռազմական ծանրաբեռնվածությանը», - ասել է Դեխտյարենկոն։
Նա նշել է, որ Ղրիմի կամուրջը ռուսական զորքերին ռազմական մատակարարումների տրանսպորտային միջանցքներից մեկն է։
Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունները մեկնաբանել է նաև Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
«Ցանկացած անօրինական կառույց, որն օգտագործվում է Ռուսաստանին զանգվածային ոչնչացման զենքեր մատակարարելու համար, երկար կյանք չի ունենա», - գրել է Պոդոլյակը Twitter-ում։