«Դանոնի» և «Բալթիկայի» օտարերկրյա ընկերություններին պատկանող մասնաբաժիններն անցել են «Ռոսիմուշչեստվոյին»
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, ըստ որի «Դանոնի» և «Բալթիկայի» մասնաբաժինները, որ պատկանում են օտարերկրյա ընկերություններին, անցնում են «Ռոսիմուշչեստվոյի» ժամանակավոր կառավարմանը, տեղեկացնում է news.am։
Հրամանագրում պարզաբանվում է, որ «Ռոսիմուշչեստվոյի» կառավարմանն է անցնում Produits Laitiers Frais Est Europe-ին պատկանող «Դանոն Ռոսիայի» սովորական 83 292 493 հազ․ և «Դանոն Թրեյդի» 85 հազ․ բաժնետոմս։
«Ռոսիմուշչեստվոյի» կառավարմանն անցնող «Բալթիկայի» մասնաբաժնից 98,56%-ը պատկանում է Carlsberg Sverige Aktiebolag-ին (Carlsberg-ի շվեդական «դուստրը»), 1,35%-ը՝ «Հոփի Յունիոնին» և 0,09%-ը՝ Carlsberg Deurschland GmbH-ին (Carlsberg-ի գերմանական «դուստրը»)։
Կաթնամթերք արտադրող ֆրանսիական Danone-ը Ռուսաստանում բիզնեսը կրճատելու մասին հայտարարել է 2022 թ․ հոկտեմբերին։ ՌԴ-ում ընկերության ակտիվների շարքում 13 գործարան կա, որոնք ավանդական կաթնամթերք են արտադրում։ 2021 թվականի արդյունքներով, «Դանոն-Ռոսիայի» և «Դանոն Թրեյդի» մաքուր շահույթը կազմել է համապատասխանաբար 8,85 մլրդ և 1,43 մլրդ ռուբլի։
2023 թ․ հունիսի 23-ին դանիական Carlsberg Group-ը հայտարարել է «Բալթիկան» անանուն ներդրողին վաճառելու մասին։ Ընկերությունը տեղեկացրել է Ռուսաստանից դուրս գալու մասին 2022 թ․ մարտի 28-ին։ «Բալթիկան» կառավարում է ութ գործարան, որտեղ ավելի քան 50 բրենդ է արտադրվում։