Հայտնի է՝ երբ կնշվի խաղողօրհնեքը
Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (հայտնի է նաև որպես Խաղողօրհնեքի տոն) Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը։ Տոնն այս տարի կնշվի օգոստոսի 13-ին:
Ավանդության համաձայն՝ Ս. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում; Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո։ Շուրջ 12 տարի Աստվածամայրը պահքով այցելել է իր սիրասուն Որդու գերեզմանն ու անդադար աղոթել։ Այդ այցելություններից մեկի ժամանակ էլ նրան է հայտնվել Գաբրիել հրեշտակապետն ու ավետել Տիրամոր՝ երկրային աշխարհից Վերին Երուսաղեմ վերափոխվելու լուրը։
Ապա 14 օր անց կրկին ելավ Գաբրիել հրեշտակապետը և Տիրուհուն ավետեց Աստծո մոտ փոխվելու մասին, ինչից բերկրեց Մարիամ, և զվարճացավ նրա հոգին։ Նա շրջում էր բոլոր տնօրինական վայրերում ու աղոթում։ 12 օր անց եկավ Գաբրիելը և դարձյալ ասաց, որ նրան կանչում է Արարիչը։ Գաբրիելը նրան տվեց բրաբիոնի մի պսակ, որը հյուսել ու բերել էր Ադամի դրախտից, և այն դրեց սուրբ Աստվածածնի գլխին, որպեսզի առաքյալները և իմաստուն սուրբ կույսերը օրհնեն Աստծուն։ Սուրբ Մարիամը մատնանշեց իր հանգստյան տեղը՝ Գեթսեմանիի պարտեզում։
Նշվում է օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը (օգոստոսի 12-ից 18-ը)։ Տոնն ունի շաբաթապահք, նավակատիք և մեռելոց։
Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի օրը բոլոր եկեղեցիներում Պատարագ է մատուցվում։