Վանում հիմնվելու է արևից էլեկտրաէներգիա ստացող սարքավորումների գործարան
Վանը Մերձավոր արևելքին «արև է վաճառելու»: Թուրքական «Ռադիքալ» օրաթերթի այս վերտառությամբ հրապարակման մեջ նշվում է, որ Վանի նահանգում հիմնվելու է արևային էներգիայից էլեկտրաէներգիա ստացող սարքավորումների առաջին մասնագիտացված արտադրամասը:
Արևի ճառագայթներն օգտագործող հատուկ վահանակների ու համապատասխան սարքվորումների արտադրությամբ զբաղվող գերմանական և շվեյցարական համատեղ «Solarvan» կազմակերպությունը ծրագրել է Թուրքիայում իր առաջին գործարանը հիմնել Վանում, քանի որ այդ նահանգն ամենից արևշատն է Քոնիայից հետո: Նշյալ հատուկ վահանակների ապակիների համար որպես հումք օգտագործվելու են Վանա լճի սոդայի պաշարենրը: Այս մասին գրում է ermenihaber-ը:
Արտադրամասի կառուցման համար «Solarvan» ընկերությունը կատարելու է 80 մլն եվրոյի ներդրում: Ըստ նախնական ծրագրի' 2014 թվականի հոկտեմբերին արդեն պետք է արտադրվեն արևային էներգիայի վահանակները: Գործարանի բացումը աշխատատեղ կապահովի Թուրքիայի 400 քաղաքացու համար: Նախատեսվում է տարեկան իրականացնել 100մլն եվրոյի արտահանում:
Նշենք, որ Վանը եղել է Արևմտյան Հայաստանի նահանգներից մեկը: Զբաղեցնում է մոտ 40 հազար քմ տարածք, բնակչությունը' մինչև եղեռնը կազմել է 350.000 մարդ, որից 200 հազարը' հայեր։ Այսօր բնակչության մեծամասնությունը քրդեր են: Նահանգի կենտրոնը Վան քաղաքն է, որն Արևմտահայաստանի կենտրոնական և հայաշատ քաղաքներից էր:
«Գեղեցկություն՝ ահա այդ աշխարհի անունը մի բառով»,- Վանի մասին գրել է պատմաբան Լեոն Վանի մասին: