Հնդկաստանը և ԱՄԷ-ն հայտարարել են էներգետիկայի ոլորտում կապերն ամրապնդելու պատրաստակամության մասին
Հնդկաստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները մտադիր են ամրապնդել հարաբերությունները էներգետիկայի, վերականգնվող էներգիայի և պարենային անվտանգության ոլորտներում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի և արաբական պետության նախագահ Մուհամմադ բին Զայիդ բին Սուլտան ալ-Նահյանի ՝ հուլիսի 15-ին կայացած հանդիպման արդյունքներով տարածված համատեղ հայտարարությունը:
«Առաջնորդները պայմանավորվել են էներգետիկայի ոլորտում երկկողմ գործակցության հետագա ամրապնդման մասին, ինչպես նավթի, գազի, այնպես էլ վերականգնվող էներգետիկայի ոլորտներում: Երկու կողմերն էլ կզարգացնեն համագործակցությունը կանաչ ջրածնի, արևային էներգիայի ոլորտներում», - ասված է հայտարարության մեջ:
Փաստաթղթում նշվում է, որ կողմերը պայմանավորվել են նաև ամբողջ էներգետիկ սպեկտրում ներդրումների ավելացման մասին:
«Ընդունելով պարենային անվտանգության կարևորությունը՝ առաջնորդները վերահաստատել են իրենց վճռականությունը՝ բարձրացնելու սննդի մատակարարման շղթաների հուսալիությունն ու կայունությունը և ընդլայնելու սննդի և գյուղատնտեսական արտադրանքի առևտուրը, այդ թվում՝ Հնդկաստանում սննդի միջանցքների նախագծերի միջոցով»,-ասվում է հայտարարության մեջ: