Բրյուսելում Միշել-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպմանն անդրադարձ է եղել գերիների խնդրին և տարածաշրջանում երկաթուղային կապի կառուցմանը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը քննարկված կարեւոր հարցերի շարքում են եղել նաեւ ռազմագերիների, անզգուշությամբ հակառակ կողմում հայտնվածների եւ անհետ կորածների ճակատագրերի հարցերը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Բրյուսելից, մոտ երեք ժամ տեւած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարեց՝ ինքը կողմնակից է, որ երկու կողմերն ազատ արձակեն կալանավորներին։ Միշելի խոսքով` քննարկման ընթացքում կարևորվել են նաեւ ականազերծման հարցերում առավել ակտիվ համագործակցությունն ու անհետ կորածների ճակատագրերը։ ԵՄ խորհրդի նախագահը կողմերին կոչ է արել հնարավորինս շատ տեղեկատվություն փոխանակել այդ հարցում։
Եռակողմ հանդիպման օրակարգում են եղել նաեւ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանն ուղղված հարցերը։ «Մենք քննարկել ենք ապագա տրանսպորտային միջոցառումների ձևերը, որոնք կհարգեն ինքնիշխանության, իրավասության և փոխադարձության սկզբունքները»,- նշեց Միշելը։ Նրա խոսքով՝ պետք է անհապաղ ձեռնարկել երկաթուղային կապի կառուցումը, ԵՄ-ն պատրաստ է ֆինանսական աջակցություն ցուցաբերել։
Եռակողմ հանդիպման ընթացքում քննարկված կարեւորագույն խնդիրները եղել են Լաչինի միջանցքի ապաշրջափակումը, Լեռնային Ղարաբաղի հայության ճակատագիրը։
«Տեղում գտնվող բնակչությունը հավաստիացումների կարիք ունի՝ առաջին հերթին իր իրավունքների եւ անվտանգության հետ կապված»,-լրագրողների հետ զրույցում նշեց Շառլ Միշելը, հավելելով, որ ԵՄ-ն խրախուսում է Բաքվի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների անմիջական երկխոսությունը։
Լրագրողների հետ հանդիպմանը Միշելը նաև նշել է, որ բոլոր կողմերի թիմերը կմնան սերտ կապի մեջ՝ ապահովելու կոնկրետ հետևողականություն՝ եռակողմ հանդիպմանը քննարկվածի վերաբերյալ: Իրական առաջընթացը կախված է հաջորդ քայլերից, որոնք պետք է ձեռնարկվեն մոտ ապագայում։ Ըստ նրա` որպես առաջնահերթություն՝ պետք է դադարեցնել բռնությունն ու կոշտ հռետորաբանությունը՝ խաղաղության և կարգավորման բանակցությունների համար պատշաճ միջավայր ապահովելու նպատակով։
Եվրոպական խորհրդի նախագահը վերահաստատեց իր մտադրությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին Բրյուսելում ևս մեկ հանդիպման հրավիրել, ինչպես նաև հրավիրել հերթական հնգակողմ հանդիպմանը, որին ներկա կլինեն նաև Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները։ Այդ հանդիպումը տեղի կունենա Գրանադայում՝ հաջորդ եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողողին։