Կալիֆորնիայի բնակչին ցմահ բանտարկության են դատապարտել
Վարորդը, որը հետապնդել է դեռահասների ավտոմեքենան, ինչը հանգեցրել է նրանցից երեքի զոհվելուն, ուրբաթ դատապարտվել է ցմահ բանտարկության, տեղեկացնում է News.am-ը՝ հղում անելով նահանգային դատախազությանը։
Ըստ Ռիվերսայդի շրջանային դատախազի, 45-ամյա Անուրագ Չանդրան, որը 2020 թ․ հունվարի 19-ին հետապնդել է դեռահասներին, իր մեքենայով խոյահարել է նրանց ավտոմեքենան, ինչի հետևանքով այն դուրս է եկել ճանապարհից և ջարդվել։
Չանդրան դատապարտվել է առաջին աստիճանի սպանության մեղադրանքի երեք կետով և մահափորձի մեղադրանքի երեք կետով։
Զոհվածները 16 տարեկան էին։ Իշխանությունների վկայությամբ, տուժել է ավտոմեքենայում եղած ևս երեք անձ։
Տուժած վարորդը՝ 18-ամյա Սերջիո Կամպուսանոն պատմել է NBC Los Angeles հեռուստաալիքին, որ դեռահասներից մեկը որոշել էր կատակ անել․ տղամարդու դռան զանգը տվել ու հետ էր վազել դեպի մեքենան։
Չանդրան իր ավտոմեքենայով հետապնդել է նրանց, երկու անգամ բախվել, ապա արագությունը մեծացնելով՝ խոյահարել ավտոմեքենան, որը դուրս է թռել ճանապարհից։