ԱՄՆ-ն, Ճապոնիան և Հարավային Կորեան համատեղ հայտարարությամբ դատապարտել են Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումը
ԱՄՆ-ն, Հարավային Կորեան և Ճապոնիան համատեղ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Հյուսիսային Կորեայի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակումը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:
Ըստ Ճապոնիայի՝ այս շաբաթ Հյուսիսային Կորեայի արձակված հրթիռը թռչել է 74 րոպե՝ հասնելով 1000 կմ հեռահարության, սա Հյուսիսային Կորեայի պատմության ամենաերկար թռիչքն է:
«Սա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձևերի ակնհայտ, կոպիտ խախտում է և լուրջ վտանգ է ներկայացնում Կորեական թերակղզում և դրանից դուրս խաղաղության և կայունության համար», - ասվում է ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի բարձրաստիճան պաշտոնյաների համատեղ հայտարարությունում:
Երկրները հորդորել են Հյուսիսային Կորեային դադարեցնել իր անօրինական, իրավիճակը սրող գործողությունները և անհապաղ վերադառնալ երկխոսությանը: