Հարավային Կորեայի նախագահը հայտարարել է, որ կավելացնի ռազմական օգնությունն Ուկրաինային
Կորեայի Հանրապետությունը 2023 թվականին Ուկրաինային ոչ մահացու բնույթի ռազմական օգնություն կմատակարարի ավելի մեծ ծավալով, քան 2022 թվականին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յելի հայտարարությունը, որը նա արել է Կիևում կայացած գագաթնաժողովի արդյունքներով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Կորեայի Հանրապետությունը կշարունակի Ուկրաինային անհրաժեշտ ռազմական օգնություն ցուցաբերել: Այս տարի մեծ մասշտաբներով ռազմական օգնություն կցուցաբերենք», - ասել է Յուն Սոկ Յելը:
Կորեայի Հանրապետությունն Ուկրաինային մարդասիրական և ֆինանսական օգնություն է ցուցաբերել, մատակարարել է ոչ մահաբեր բնույթի ռազմական իրեր, ինչպիսիք են ականորսիչները և զրահաբաճկոնները, սակայն զենք չի մատակարարել: Ապրիլին Յուն Սոկ Յելը հայտարարել էր, որ Սեուլը կարող է զենք մատակարարել «պատերազմի օրենքների կոպիտ խախտման դեպքում»: