Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Ճապոնական ծովի շրջանում
Ռուս զինվորականները կմասնակցեն Չինաստանի կողմից կազմակերպվող համատեղ ռազմածովային և ռազմաօդային զորավարժություններին: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնում է «ԻՆտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Չինաստանի պաշտպանության նախարարությունը:
«Չինաստանի և Ռուսաստանի բանակների միջև համագործակցության տարեկան պլանի համաձայն՝ Ռուսաստանի զինված ուժերը մոտ ապագայում զորավարժություններին մասնակցելու համար կուղարկեն ռազմածովային և ռազմաօդային ուժեր»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:
Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի գլխավորությամբ զորավարժությունները կանցկացվեն Ճապոնական ծովի շրջանում:
Նշվում է, որ զորավարժությունների նպատակն է «բարձրացնել երկու բանակների միջև ռազմավարական համագործակցության մակարդակը, ինչպես նաև կատարելագործել տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը պահպանելու, անվտանգության ոլորտում տարբեր մարտահրավերներին արձագանքելու համատեղ կարողությունները»:
Կողմերը նաև կմշակեն ռազմավարական ծովային ուղիների անվտանգության ապահովման գործողությունները, հաղորդել Է Չինաստանի պաշտպանության նախարարությունը: