Իրանի քաղաքացիները և ՌԴ քաղաքացին ապօրինի կերպով ձեռք են բերել առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ և իրացրել
Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ Ա. Լու.-ն, Ս. Մ.-ն և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Մ. Շ.-ն, ԻԻՀ մեկ այլ քաղաքացու՝ Ա. Լ.-ի օժանդակությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, պահել և իրացնելու նպատակով տեղափոխել առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ թմրամիջոցներ իրացնելու համար Ս. Մ.-ն Ա. Լու.-ի և Մ. Շ.-ի հետ համատեղ «Տելեգրամ» հավելվածում ստեղծել և վարել է խանութ-հարթակ:
Ս. Մ.-ն և Ա. Լու.-ն 2022 թվականի հուլիսի 4-ին Հայաստան ժամանած Իրանի երկու քաղաքացիներից՝ Հ. Ղ.-ից և Սա. Հ.-ից ապօրինի կերպով ձեռք են բերել 228,1725 գրամ հաշիշ տեսակի թմրամիջոց, 46,9189 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց, 5,8299 գրամ պսիլոցիբին տեսակի թմրամիջոց և 0,001481 գրամ լիզերգիդ (ԼՍԴ) տեսակի թմրամիջոց:
Ձեռք բերված թմրամիջոցներն ապօրինի կերպով պահել են իրենց փաստացի բնակության վայրում՝ Շիրակի մարզի Անի համայնքի Ձորակապ բնակավայրում գտնվող տանը:
2022 թվականի հուլիսի 29-ին խմբի անդամները 19 փաթեթներում փաթեթավորված թմրամիջոցներն ապօրինի տեղափոխել են Գյումրի քաղաք: Մ. Շ.-ն Ա. Լ.-ի օժանդակությամբ հաշիշ տեսակի թմրամիջոցը կպչուն ժապավենով ամրացրել է Գյումրու Լալայան փողոցի 8-րդ հասցեում գտնվող շինության պատին և լուսանկարել տեղանքը՝ հետագայում թմրամիջոցը ձեռք բերող անձին տեղանքի մասին տեղեկություն տալու համար:
Մ. Շ.-ն և Ա. Լ.-ն Ոստիկանության ծառայողների կողմից ձերբակալվել են: Շիրակի մարզի Անի համայնքի Ձորակապ բնակավայրում գտնվող տանը հայտնաբերվել է իրացնելու նպատակով, ապօրինի կերպով պահված թմրամիջոցների մյուս մասը: Նույն օրը ոստիկանների կողմից ձերբակալվել են նաև Ա. Լու.-ն և Ս.Մ.-ն:
2023 թվականի հուլիսի 7-ին Ս. Մ.-ի, Ա. Լու.-ի, Մ. Շ.-ի, Ա. Լ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը): Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է կալանքը:
2023 թվականի հուլիսի 14-ին հսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերի հետ հանձնել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: