Չինաստանում մահապատժի են ենթարկել մանկապարտեզի դայակին՝ 25 երեխայի թունավորելու համար
Ցզյաոզուո քաղաքի միջին ժողովրդական դատարանը հաստատել է մանկապարտեզի նախկին ուսուցիչ Վան Յունի մահապատիժը, ով 25 երեխայի թունավորել է նատրիումի նիտրիտով։ Մեկ երեխա 10 ամիս բուժումից հետո մահացել է։ Այս մասին հայտնում է Penpai հրատարակությունը։
«Մանկապարտեզում դայակի կողմից թունավորման գործով, որը հանգեցրել է փոքրիկ երեխայի մահվան» հանցագործին մահապատժի են ենթարկել հուլիսի 13-ին՝ օրենքի համաձայն», - հաղորդում է news.am-ը։
Հրատարակությունը նշում է, որ ծնողները «չեն ընդունում» նախկին դայակի ներողությունը։ Հետաքննության ընթացքում նաև հայտնի է դարձել, որ աղջիկը «երեխաների մասին չի մտածել» և իր գործընկերոջից վրեժ լուծելու համար է շիլայում նատրիումի նիտրիտ ավելացրել։
Վան Յունի մասին քիչ բան է հայտնի։ Դատարանի կայքում նշվում է, որ նրա լրիվ անունը Վան Ջինգյուն է, նա ծնվել է 1983 թվականի հոկտեմբերի 11-ին և ավարտել է միջնակարգ դպրոցը։ Նա աշխատել է որպես դայակ՝ «Mengmeng. նախադպրոցական կրթություն» մանկապարտեզում։