ԱՄՆ Սենատի հանձնաժողովը հաստատել է Մարկ Լիբիի թեկնածությունն Ադրբեջանում դեսպանի պաշտոնում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հուլիսի 13-ի ուշ երեկոյան հաստատել է նախագահ Ջո Բայդենի ներկայացրած թեկնածուին Ադրբեջանում դեսպանի պաշտոնում՝ ճանապարհ բացելով առաջիկա օրերին Սենատի ամբողջական կազմի կողմից նրա հավանական հաստատման համար: Այդ մասին հայտնում է «Լուրերը»։
Լսումների ժամանակ պրոֆեսիոնալ դիվանագետ Մարկ Լիբիին հարցեր են ուղղվել ԼՂ հարցով խաղաղ բանակցությունների, Ադրբեջանում մարդու իրավունքների և Վաշինգտոնի ու Բաքվի միջև անվտանգության ոլորտում համագործակցության մասին:
Լիբին ասել է, որ հաստատման դեպքում կաջակցի Վաշինգտոնի ջանքերին՝ հայ-ադրբեջանական արդար և կայուն խաղաղության համաձայնագրի խթանման ուղղությամբ: «Այս ողբերգական հակամարտությունը ցավի և անվստահության դառը ժառանգություն է թողել»,- հայտարարել է դիվանագետը:
Սակայն խաղաղության համաձայնագրի ստորագրումը, ըստ Լիբիի, «միայն առաջին քայլն է»։ «Հաստատման դեպքում ես կգլխավորեմ Բաքվում դեսպանության միջգերատեսչական խումբը՝ հնարավոր կարգավորման իրականացմանն աջակցելու համար»,- ասել է նա: Դիվանագետի խոսքով՝ խաղաղության հավանական պայմանագիրը կարող է ԱՄՆ-Ադրբեջան համագործակցությունը: « Ահաբեկչության դեմ պայքարի, սահմանային, էներգետիկ, ծովային անվտանգության ոլորտներում գործակցության սերտացումը բխում է ԱՄՆ ազգային շահերից, և ես կկրկնապատկեմ այդ ուղղությամբ իրականացվող ջանքերը»,- նշել է նա:
Նա նաև հավելել է, որ հարգալից, սակայն բաց երկխոսություն կծավալի Ադրբեջանի իշխանության, քաղհասարակության հետ՝ երկրում մարդու իրավունքների ներկա իրավիճակի վերաբերյալ: