Բալասանյանը հիվանդանոցում է, որդին և եղբայրը հարցաքննվելուց հետո ազատ են արձակվել․ նոր մանրամասներ
Վիտալի Բալասանյանի առողջական վիճակը վատթարացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց՝ հետազոտման։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։
Վիտալի Բալասանյանի պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանը հայտնեց, որ դատարան ներկայացված բողոքով արձանագրել էին, որ ձերբակալման նպատակն, ըստ էության, պետք է լիներ «հանցագործության կատարումը և հանցագործություն կատարելուց հետո փախուստը կանխելը», արձանագրության մեջ, սակայն, նման նպատակ առկա չէր։ Դատարանը, մերժելով բողոքը, գտել է, որ «որոշման մեջ ակնհայտ է, թե որն է ձերբակալման նպատակը»։ Դատական ակտը, ըստ փաստաբանի, հակասական է, չպատճառաբանված, տարօրինակ. «Որակական առումով, թե իրավունքի մեկնաբանման՝ այդ դատական ակտը «քննչական մարգարիտներում» տեղավորելու դատական ակտ է, իհարկե՝ բացասական առումով»։ Ձերբակալումից հետո Վիտալի Բալասանյանը հարցաքննվել է, պատրաստակամություն հայտնել ցուցմունք տալու, մանրամասն նկարագրել հանգամանքները։ Այս պահին նրան մեղադրանք առաջադրված չէ։
Ռաֆայել Մարտիրոսյանը հայտնեց, որ Վիտալի Բալասանյանի առողջական վիճակը վատթարացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց։ Իսկ թե ինչու է վատթարացել առողջական վիճակը, արդյոք դա կարող է կապված լինել անհամաչափ ուժի կիրառման հետևանքով ստացված մարմնական վնասվածքների հետ՝ փաստաբանը հայտնեց, որ Վիտալի Բալասանյանը նախկինում սրտի հետ կապված բժշկական միջամտության է ենթարկվել, հավանաբար, այդ գործողությունները նպաստել են՝ առողջական վիճակի վատթարացմանը՝ սրտի հետ կապված։
«Այն, որ Բալասանյանի մարմնի վրա առկա են մարմնական վնասվածքներ, սա բացահայտ է։ Բերման ենթարկելու ընթացքում ֆիզիկական նման ուժի կիրառումը համարժեք չէր, առավել ևս, որ Բալասանյանը որևէ դիմադրություն ցույց չի տվել, իրեն չի բացատրվել, որ բերման են ենթարկում։ Վիտալի Բալասանյանը պարզապես հայտնել է, որ իրենց գործողություններն իրավաչափ չեն, չեն գործում Քրեական դատավարության օրենսգրքի և Հետախոզության մարմինների մասին օրենքի դրույթների համաձայն։ Այսքանը։ Իսկ երբ ցանկացել են բերման ենթարկել, քաշքշուկ է եղել, ոլորել են ձեռքերը և այդ ժամանակ էլ վնասվածքներ են ստացել»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ ըստ ԱԱԾ ծառայողների ցուցմունքների՝ Վիտալի Բալասանյանը դիմադրություն է ցույց տվել, մինչդեռ, պաշտպանության կողմը հայտնել է, որ կան ապացույցներ, այդ թվում՝ վկաներ, որոնք ցուցմունք են տալու Վիտալի Բալասանյանի՝ բարեխիղճ ենթարկվելու մասին։ Քննիչը որոշում է կայացրել Վիտալի Բալասանյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին։
Նշենք, որ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով: Այսինքն՝ տվյալ հանցանքի հասարակական վտանգավորությունը ցածր է, ըստ այդմ, փաստաբանի դիտարկմամբ՝ ձերբակալման հնարավորությունը հեռանում է։ Հարցին՝ արդյո՞ք Վիտալի Բալասանյանին ինչ-որ գործընթացներից մեկուսացնելու խնդիր էին լուծում իրավապահ մարմինները՝ Մարտիրոսյանը պատասխանեց. «Մենք դժվարանում ենք այս պահի դրույթամբ հայտարարել, թե արդյոք այդ գործողությունները քաղաքական նպատակներ հետապնդում են, թե ոչ։ Ընդ որում, նաև հարցադրում եմ արել պարոն Բալասանյանին, թե արդյոք սա դիտարկվում է քաղաքական համատեքստում, պարոն Բալասանյանը հայտարարել է, որ դեռևս անորոշ է և հստակ չի կարող հայտարարել այն մասին, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, սակայն հետագա գործընթացները, իհարկե, լիովին կբացահայտեն, թե ինչ նպատակ է հետապնդում պարոն Բալասանյանի ձերբակալությունը »։
Ինչ վերաբերում է խուզարկությանը, հարցին՝ արդյո՞ք ինչ-որ իրեր առգրավվել են, ի վերջո, պարզվեց, թե ինչ էին փնտրում, փաստաբանը պատասխանեց՝ որևէ տեղեկություն չունեն խուզարկության ընթացքում ձեռք բերված գույքի մասին, թե ինչ են հայտնաբերել, ինչ՝ չեն հայտնաբերել, ինչ են ցանկացել հայտնաբերել՝ հայտնի չէ։
«Վիտալի Բալասանյանը խնդրել է ԱԱԾ աշխատողներին հայտնել, թե ինչ առարկա է իրենց հետաքրքրում, որ կարողանա կամավոր հանձնել, սակայն որևէ պատասխան չի ստացվել»,- ասաց նա։