Բայդենի վարչակազմը 39 միլիարդ դոլարի ուսանողական վարկեր է ներել
ԱՄՆ նախագահի վարչակազմը հայտարարել է 804,000 ուսանողական վարկի 39 միլիարդ դոլարի պարտքը ներելու մասին։
Ըստ վարչակազմի՝ դա հնարավոր է եղել շտկելով վարկերի գծով պարտքերի վճարման համակարգում առկա թերությունները, որոնցում վճարումների չափը կապված է վարկառուի եկամտի մակարդակի հետ: Նման պայմանագրերով մնացորդային պարտքը պետք է ներվի, եթե վարկառուն 20-25 տարվա ընթացքում վճարումներ է կատարել։
«Շատ երկար ժամանակ վարկառուները խաթարված համակարգի զոհ են եղել, որը չի կարողացել ճշգրիտ հետևել նրանց առաջընթացին՝ պարտքերը ներելու ճանապարհին», - ասել է ԱՄՆ կրթության նախարար Միգել Կարդոնան:
ԱՄՆ դաշնային ուսանողական վարկի պարտքը 2023 թվականի հունիսի վերջի դրությամբ կազմել է 1,7 տրիլիոն դոլար, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։ Ջո Բայդենն իր քարոզարշավում խոստացել է ներել պարտքերը 40 միլիոն վարկառուների համար։ Անցյալ ամիս Բայդենի վարչակազմի ծրագիրը խափանվեց ԱՄՆ Գերագույն դատարանի կողմից։
Աղբյուրը՝ news.am