Ուկրաինայի գերագույն ռադան Վրաստանի նախագահին կոչ է արել ներում շնորհել Սաակաշվիլիին
Ուկրաինայի գերագույն Ռադան դիմել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիին ներում շնորհելու կոչով։ Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այդ մասին հայտնել է Ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։
«Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին կոչ ենք անում Ռադայի մարդու իրավունքների հարցերով հանձնակատարին տրամադրել Սաակաշվիլիի հետ հանդիպման հնարավորություն, դիմում ենք Վրաստանի նախագահին՝ ներում շնորհելու Սաակաշվիլիին՝ հաշվի առնելով նրա ծանր ֆիզիկական վիճակը», – մեջբերել է պատգամավորը Գերագույն ռադայի դիմումի տեքստից:
Նա նաև նշել է, որ ուկրաինացի խորհրդարանականները Եվրամիության անդամներին կոչ են անում «ընդունել համապատասխան որոշումներ» և օժանդակել Սաակաշվիլիին ներում շնորհելու հարցին՝ «հաստատելով մարդու իրավունքների միջազգային չափանիշների պահպանման կարևորությունը»։
Փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել 285 պատգամավոր։ Ուղերձի նախագիծը Ռադայում գրանցվել էր հուլիսի 13-ին։ Նախաձեռնության հեղինակներն են եղել մի քանի տասնյակ պատգամավորներ, այդ թվում՝ «Ժողովրդի ծառա» կուսակցության խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թբիլիսիին կոչ էր արել Սաակաշվիլիին հանձնել Կիևին՝ բուժման համար:
Միխեիլ Սաակաշվիլին գաղտնի ժամանել էր Վրաստան 2021 թ․ հոկտեմբերին կայանալիք մունիցիպալ ընտրությունների նախորդ օրը, որից հետո նրան ձերբակալել էին և տեղափոխել Ռուսթավի քաղաքի բանտ։ Նա մեղադրվում է մի շարք քրեական հանցագործությունների մեջ։ 2022 թ․ մայիսին առողջական վիճակի վատթարացման պատճառով նրան տեղափոխել են Թբիլիսիի «Վիվամեդ» մասնավոր կլինիկա, որտեղ նա մնում է մինչ օրս։