Էկոակտվիստները նորից փակել են ճանապարհները Գերմանիայի քաղաքներում
«Վերջին սերունդ» (Letzte Generation) շարժման արմատական էկոակտիվիստները բողոքի ակցիա են իրականացնում ամբողջ Գերմանիայում։ Ուրբաթ՝ հուլիսի 14-ին, նրանք մտադիր են փակել տրանսպորտի երթեւեկությունը Գերմանիայի 26 քաղաքներում, ներառյալ Բեռլինը, Դրեզդենը, Նյուրնբերգը, Մյունխենը։
Ինչպես տեղեկացրել են ակտիվիստները մամուլի հաղորդագրությունում, որին հղում է կատարել AFP գործակալությունը, այս անգամ իրենց ակցիայի համար նրանք կրում են դիմակներ, որոնք խորհրդանշում են դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցին։
Ներկայում «Վերջին սերունդը» փակել է երթեւեկությունը մի քանի քաղաքներում։ Ակտիվիստների տեղեկացմամբ՝ բողոքի ակցիաներ են տեղի ունենում Բեռլինում, Բրաունշվեյգում, Դրեզդենում, Ֆրայբուրգում, Լեյպցիգում, Մյունխենում, Նյուրնբերգում, Պոտսդամում, Ուլմում եւ այլ քաղաքներում։
Ինչպես նշվել է մամուլի հաղորդագրությունում, ակտիվիստները կրում են կառավարության ղեկավար Շոլցի, տրանսպորտի նախարար Ֆոլքեր Վիսինգի եւ էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկի դիմակները։ Պատճառը, ըստ «Վերջին սերնդի», դաշնային կառավարության անբավարար հավատարմությունն է կլիմայի համար վնասակար ջերմոցային գազերի արտանետման կրճատման գործին։ Մասնավորապես, տրանսպորտի նախարարը չի ներկայացրել շտապ ծրագիր արտանետումների առավելագույն ծավալների մասին, բայց պարտավոր էր անել դա, նշել են բողոքի կազմակերպիչները։
Այս առնչությամբ խումբը ցանկանում է, որպեսզի ուշադրություն դարձվի «Շոլցի կառավարության կողմից կլիմայի պաշտպանության օրենքի խախտմանը»։ «Մենք պահանջում ենք ստեղծել հանրային խորհուրդ՝ հիմնված սահմանադրության վրա, որպեսզի օգնենք դաշնային կառավարությանը հետեւել օրենքին»,- ասել է շարժման մամուլի քարտուղար Կառլա Ռոհելը։