Նոր մահակ ընդդիմության գլխին. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը նոր օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել: Առաջարկում է փոխել ԱԺ կանոնակարգ օրենքը եւ թույլ տալ, որ պատգամավորի եւ Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը գլխավոր դատախազը ներկայացնի Ազգային ժողովի ոչ միայն հերթական, այլ նաեւ արտահերթ նստաշրջանի ընթացքում։ ԱԺ կանոնակարգ օրենքում պատգամավորը փոփոխությունների առաջարկ է ներկայացրել, որն արդեն շրջանառության մեջ է դրվել եւ, որոշ լուրերով, հնարավոր է մինչեւ խորհրդարանի՝ արձակուրդ մեկնելը արտահերթ նիստում օրենքի տեսք ստանա։
Հիշեցնենք, որ գործող օրենքը սահմանափակում է, եւ դատախազը միայն հերթական նիստին կարող է նման միջնորդագիր ներկայացնել: Իր այս «հույժ կարեւոր» առաջարկը պատգամավորը հիմնավորում է նրանով, որ եթե նման անհրաժեշտություն առաջ գա գարնանային նստաշրջանի վերջում, օրինակ՝ հունիսի երկրորդ շաբաթից հետո, իրավապահները հարկադրված կլինեն 2-3 ամիս սպասել՝ մինչեւ աշնանային նստաշրջանը, որ սկսվեն հերթական նիստերը, եւ անձեռնմխելի անձանց նկատմամբ քրգործ հարուցելու, կալանավորելու հնարավորություն ստանան։ Այս շտապողականությունը մի բանի մասին է գուժում, որ առաջիկայում թերեւս ակտիվ պրոցեսներ են սպասվում, եւ իշխանությունն ընդդիմության գլխին նոր մահակ է նախապատրաստում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում