Աշխարհին սպառնում է նարնջի հյութի դեֆիցիտ
Աշխարհին սպառնում է նարնջի հյութի խտանյութի դեֆիցիտ, ինչպես նաև դրա գների աճ։ Այս մասին գրում է Frankfurter Allgemeine Zeitung-ը (FAZ)՝ հղում անելով Գերմանիայի մրգահյութեր արտադրողների ասոցիացիայի տնօրեն Կլաուս Հայտլինգերին։
Ստեղծված իրավիճակը պայմանավորված է նարնջի խտանյութի խոշորագույն մատակարարի՝ Բրազիլիայի տարածքում բերքի ցածր մակարդակով։ Միաժամանակ նմանատիպ խնդիրներ են սկսվել ԱՄՆ-ում, որտեղ փոթորիկները և ցիտրուսային բույսերի հիվանդությունների տարածումը բերքի ծավալների նվազման են հանգեցրել։ Նաև եղանակային վատ պայմանները նմանատիպ իրավիճակ են ստեղծել Մեքսիկայում և Իսպանիայում։
Հրատարակության տվյալներով՝ տարվա ընթացքում նարնջի խտանյութի մեկ ֆունտը թանկացել է գրեթե մեկ երրորդով՝ 2,02 դոլարից հասնելով 2,73 դոլարի։ Ընդ որում, անցյալ տարվա հունվարին մեկ ֆունտ խտանյութն արժեր ընդամենը 1,42 դոլար։ Հայտլինգերը հավելել է, որ եթե առկա իրավիճակը շարունակվի, ապա հաջորդ տարի ցիտրուսային շուկայում կարող է ճգնաժամ սկսվել։