Տասնամյա տղան շոգին վեց շիշ ջուր խմելուց հետո ջրային թունավորմամբ հայտնվել է հիվանդանոցում
Ամերիկյան Հյուսիսային Կարոլինայում տղան ջրից թոնավորվելու պատճառով հայտնվել է հիվանդանոցում։ Նա մեկ ժամվա ընթացքում օգտագործել է վեց շիշ ջուր: Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Տասնամյա Ռայ Ջորդանը իր զարմիկների հետ խաղալիս է եղել բակում: Որոշ ժամանակ անց շոգի պատճառով նա ծարավ է զգացել, վերադարձել է տուն և մեկ ժամվա ընթացքում խմել վեց շիշ ջուր: Շուտով երեխայի ինքնազգացողությունը վատացել է: Նա չի կարողացել շարժել ձեռքերը կամ գլուխը: Տղայի ծնողների խոսքով՝ իրենց որդին կարծես թմրանյութի կամ ալկոհոլի ազդեցության տակ լիներ:
Անհանգստացած ծնողները Ռային տեղափոխում են մանկական հիվանդանոց, որտեղ պարզ է դառնում, որ տղայի մոտ առկա է ջրային թունավորում: Այս պաթոլոգիան զարգանում է, երբ երիկամները չեն կարողանում ընդունել կարճ ժամանակում օրգանիզմում հայտնված մեծ քանակությամբ ջուրը:
Բժիշկները նրան տվեցին միզամուղ ավելորդ հեղուկից ազատվելու համար։
Բժիշկների օգնությունը ստանալուց հետո երեխայի վիճակը բարելավվել է: Այժմ տղան լիովին ապաքինվել է: