Լիակատար շրջափակումը խնդիրները տեղափոխել է այլ հարթություն. Քոլատակի համայնքապետ
Լիակատար շրջափակումը զգալիորեն փոխել է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքի առօրյան` խնդիրները տեղափոխելով միանգամայն այլ հարթություն։
«Արցախպրես»-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Սեյրան Ավանեսյանը նշել է, որ, նախքան պարտադրված ծանր պայմանները, գյուղում որոշակի աշխուժություն էր նկատվում. Արցախի տարբեր բնակավայրերից ուխտավորներ էին այցելում Քոլատակի վարչական տարածքում գտնվող պատմական Հակոբավանք։
«Բայց վերջին շրջանում, վառելիքի խնդրով պայմանավորված, այդ աշխուժությունն էլ է վերացել։ Ձմեռային շրջանը նախորդ տարվա բերքով և ունեցած պաշարներով լավ, թե վատ, հաղթահարեցինք։ Հետո եղած բացը կտրոններով տրամադրվող սննդամթերքով որոշակիորեն լրացրեցինք։ Այս օրերին նաև վառելիքի խնդիրն է ավելացել»,-հավելել է Սեյրան Ավանեսյանը։
Նրա խոսքով` գարնանացանի աշխատանքները պետական աջակցությամբ կարողացել են կատարել. սերմերն ու վառելիքը հասցվել են ժամանակին։
«Այս ծանր ժամանակաշրջանում ուրախալին այն է, որ մեր գյուղի բնակիչները սատար են կանգնում միմյանց, իրար ձեռք մեկնում, երբ դրա կարիքը զգացվում է։ Քոլատակում հաստատված տեղահանված ընտանիքներն էլ մշտապես ուշադրության կենտրոնում են»,-ասել է նա։