Բլինքենն ու Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական բանակցությունները և Լաչինի միջանցքով տարանցման հարցը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ-ի շարունակական աջակցությունն է հայտնել Հայաստան-Ադրբեջան խաղաղության շուրջ քննարկումներին և շեշտել Լաչինի միջանցքով ազատ տարանցման կարևորությունը։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության լրատվական ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը:
Բլինքենը նաև շեշտել է բանակցություններում ճկունության և փոխզիջման անհրաժեշտությունը։
«Պետքարտուղար Բլինքենն ընդգծել է Լաչինի միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր տրանսպորտային միջոցների ազատ տարանցման անհրաժեշտությունը: Նա ընդգծել է, որ երկու կողմերն էլ պետք է պահպանեն դեպի տևական և արժանապատիվ խաղաղություն տանող բանակցությունների դրական առաջընթացը», - նշված է հաղորդագրությունում։