Պատգամավոր ամուսինները Ծաղկաձորում բնակարան են գնել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մինչեւ հեղափոխությունը 100-դրամանոց երթուղայինով տեղաշարժվող Նարեկ Բաբայանի գործերը լավ են արդեն:
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Բաբայանի ներկայացրած հայտարարագրից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է, որ նախորդ տարի պատգամավորը Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում 27 մլն դրամ արժողությամբ բնակարան է գնել, որի համասեփականատերն է հանդիսանում։ Նա դեռ 2017 թվականին Կոտայքի մարզի Առինջ գյուղում եւս բնակարան էր գնել, որի համասեփականատերն է հանդիսանում կրկին։
Ներկայիս պատգամավորը 2021 թվականի փետրվարին 2009 թվականի արտադրության «Տոյոտա» է գնել։ Այդ ժամանակ Բաբայանը հանդիսանում էր Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը։ ՔՊ-ական պատգամավորը, չգիտես՝ ինչու, կանխիկ դրամ չի ունեցել, իսկ բանկային հաշիվներում նրա դրամական միջոցները կազմել են 53 հազար եւ 521 հազար դրամ։ Նարեկ Բաբայանը մեկ տարվա ընթացքում միայն պատգամավորական աշխատավարձից է եկամուտ ստացել, սակայն նրա ծախսերի մասին որեւէ տեղեկություն հայտարարագրում առկա չէ։
Նրա կինը՝ Լենա Նազարյանը եւս ներկայացրել է իր հայտարարագիրը։ Վերջինս եւս հայտարարագրել է Ծաղկաձորի եւ Առինջի բնակարանները, որոնց համասեփականատերն է ամուսնու հետ, սակայն Նազարյանը դեռ 2009 թվականին Նորք-Մարաշում անհատական բնակելի տուն է ժառանգություն ստացել։ Նազարյանը եւս ամուսնու պես կանխիկ դրամ չի ունեցել, սակայն բանկային հաշիվներին 1 մլն դրամ է եղել։
Պարզվում է՝ Լենա Նազարյանն անհատ վարձակալ է եւ մեկ տարվա ընթացքում վարձակալությունից 1 մլն 500 հազար դրամ է ստացել, եւս 8 մլն դրամ ստացել է ԱԺ-ից, իսկ 34 հազար դրամ էլ՝ «Կանանց իրավունքների տուն» կազմակերպությունից։ Նազարյանը նաեւ 43 մլն դրամի վարկ ունի եւ 2 մլն 100 հազար դրամ է ծախսել այդ վարկի տարեկան մարման համար։
Վերջում հավելենք, որ կոռուպցիան «բարեւում է» պատգամավոր զույգերին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: