Մարությանի կինը ծպտյալ քաղաքապետն էր. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Քաղաքապետը» մոնոներկայացման տոմսերը միանգամից սպառվեցին, ինչը խոսում է այն մասին, որ մարդիկ իրապես կարոտել էին դերասան Հայկ Մարությանին:
Վերջերս հյուրախաղերից վերադարձած Մարությանը, ասում են, ցանկանում է վերադառնալ քաղաքական դաշտ: Եվ մինչ պարզ կդառնա, թե արդյոք նա կմիանա ինչ-որ քաղաքական ուժի կամ կհիմնի նորը (քանի որ պայմանավորվածությունները արագ փոխում է), մարդկանց մի մասը ափսոսանք է հայտնում՝ լսելով Մարությանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին:
Կհարցնեք՝ ինչու. պատասխանը պարզ է. Մարությանը լավ դերասան է, եւ դա է իր կոչումը կյանքում: Կարծիք էլ կա, թե նա, այնուամենայնիվ, ոչ արդյունավետ եւ թույլ ղեկավար էր: Որպես հիմնավորում՝ մատնանշվում է, որ չնայած 2018 թվականին ժառանգած՝ առանց այդ էլ խարխլված ենթակառուցվածքներով քաղաքին, այո’, Մարությանին հաջողվեց լուծել աղբահանության խնդիրները:
Բայց իրականում Երեւանի քաղաքապետը կոմունալ վարչության պետը չէ. քաղաքն ուներ բազմաթիվ այլ շատ կարեւոր, ուշադրության արժանի խնդիրներ, որոնց հավասարապես պետք է տրվեին լուծումներ, բայց չեն արվել։ Վերջնարդյունքում Երեւանը չդարձավ հարմարավետ եւ բարեկարգ:
Միգուցե նախընտրական խոստումներ իրականացնելուն խանգարեց նաեւ պարոն Մարությանի կինը՝ Իվա Մարությանը, ում անունը սկսեց շահարկվել՝ որպես նախկին քաղաքապետի փոխարեն որոշումներ կայացնողի: Համացանցում կան բազմաթիվ աղմուկ հանած հոլովակներ՝ քաղաքապետարանի աշխատակիցների դժգոհություններով տիկին Մարությանի որոշումերից՝ երբ ում եւ որտեղ նշանակել, ում աշխատանքից ազատել: Ասում են նաեւ, որ նա ուներ հասանելիություն քաղաքապետարանի ներքին փաստաթղթերին եւ իրականում ուներ շատ ավելի մեծ որոշումներ կայացնելու աղդեցություն կառույցի ներսում, քան դրա մասին խոսում էին:
Մարությանը ինքն էլ չի հերքել, որ իր կինն օգնում է իրականացնել իր քաղաքական թիմի տված խոստումները: Ինչ վերաբերում է Հայկ Մարությանի քաղաքական թիմին, այդպես էլ պարզ չդարձավ, թե կոնկրետ ինչ հակասություններ կային իր եւ ՔՊ-ի միջեւ:
Թերեւս այս հարցի պատասխանն ինչ-որ պահի ջրի երես դուրս կգա եւ կառաջացնի նոր հարցեր՝ ուղղված Հայկ Մարությանին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: