Համաժողովրդական շարժման ժամանակ պետական ծառայող, ոչ ծառայող տարբերակում չի լինելու․ Արցախի պետնախարար
Արցախում «Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբի» կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցները երթով հասել են Արցախի Հանրապետության նախագահի նստավայր: Նրանք պահանջում են բացել Լաչինի միջանցքը։
Նախագահական նստավայրի մոտ «Միջանցքի ապաշրջափակմանժողովրդական շարժման» ներկայացուցիչների հետ հանդիպեց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
Նրա խոսքով՝ բոլորս միակարծիք են, հասկանում են, որ համաժողովրդական շարժումն է իրավիճակից դուրս գալու միակ ելքն է և այդ ժամանակ բոլորը միասնաբար առանց տարբերակման՝ պաշտոնատար անձ, պետական ծառայող, մեկ անձի պես ամբողջ ժողովուրդը միասնաբար մասնակցելու է համաժողովրդական շարժմանը:
«Պետական ծառայողները գուցե ինչ-որ տեղ պաշտոնական լիազորություններով պայմանավորված զսպվածություն են ցուցաբերում, բայց համաժողովրդական շարժման ժամանակ պետական ծառայող, ոչ ծառայող տարբերակում չի լինելու, մեկ մարդու պես ժողովուրդը միասնաբար մասնակցելու է համաժողովրդական շարժմանը»,-հայտարարեց պետնախարարը։
Հիշեցնենք, որ Ստեփանակերտում տեղի է ունեցել «Միջանցքի Ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբ»-ի բողոքի ակցիան։ Նրանք պահանջում են բացել Լաչինի միջանցքը։