Իտալիայի 10 խոշոր քաղաքներում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
Իտալիայի առողջապահության նախարարությունը տապի ալիքի պատճառով եղանակային վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ է հայտարարել Իտալիայի 10 քաղաքներում, այդ թվում՝ Հռոմում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին հաղորդագրություն է տարածել գերատեսչության մամուլի ծառայությունը։
Խոսքը վերաբերում է Հռոմին և Ռիետիին, որտեղ աֆրիկյան անտիցիկլոնի պատճառով կարմիր նախազգուշացումը գործում է հուլիսի 10-ից, ինչպես նաև Բոլոնիային, Կամպոբասոյին, Վիտերբոյին, Լատինային, Պերուջային, Պեսկարային, Ֆլորենցիային և Ֆրոզինոնեին։
Հուլիսի 12-ի ցերեկն Իտալիայի մայրաքաղաքում կանխատեսվել է 36 աստիճան։ Ըստ որում, օդերևութաբաններն զգուշացնում են, որ հուլիսի 16-ին Հռոմում և այլ քաղաքներում օդը կարող է տաքանալ մինչև 39-40 աստիճան։
Սաստիկ շոգի պատճառով օդերևութաբանները հորդորում են պահպանել բոլոր նախազգուշական միջոցները։ Դա առանձնապես վերաբերում է երեխաներին և տարեց մարդկանց: Նրանց խորհուրդ է տրվում հնարավորինս մնալ տանը, ավելի շատ ջուր խմել և սահմանափակել ֆիզիկական ծանրաբեռնվածությունները։
Գյուղտնտարտադրողների Coldiretti ասոցիացիայի գնահատումներով՝ 2023 թվականն արդեն ամենատաքերից մեկն է Իտալիայում՝ պատմական միջինից 0,43 աստիճանով բարձր ջերմաստիճանով: Ըստ փորձագետների՝ սա ամենաբարձր ցուցանիշներից մեկն է 1800 թվականից ի վեր, երբ սկսվել են դիտարկումները: