Եթե ԱՄՆ-ն կասետային զինամթերք մատակարարի Ուկրաինային, ՌԴ-ն ևս ստիպված կլինի նման զենք օգտագործել. Շոյգու
Եթե ԱՄՆ-ն Ուկրաինային կասետային զինամթերք մատակարարի, ռուսական զորքերը ստիպված կլինեն նմանատիպ զենք կիրառել Ուկրաինայի զինված ուժերի դեմ։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Այս մասին գրում է tert.am-ը:
«Եթե Միացյալ Նահանգները կասետային զինամթերք մատակարարի Ուկրաինային, ապա ռուսական զինված ուժերը ստիպված կլինեն ի պատասխան նման զինատեսակներ օգտագործել Ուկրաինայի զինված ուժերի դեմ», - ասել է ՌԴ ՊՆ ղեկավարը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի զինանոցում կասետային զինատեսակներ են պահվում «իրադարձությունների տարբեր զարգացումների համար»։
«Դրանք շատ ավելի արդյունավետ են, քան ամերիկյանները, դրանց տեսականին ավելի լայն է ու բազմազան: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը դեռևս ձեռնպահ է մնում դրանք ռազմական գործողություններում օգտագործելուց՝ «հասկանալով այն սպառնալիքը, որ նման զինամթերքը ներկայացնում է խաղաղ բնակչության համար»,- նշել է Շոյգուն։
Հիշեցնենք՝ ուրբաթ Միացյալ Նահանգները հայտարարել է, որ Կիևին կասետային զինամթերք կմատակարարի որպես անվտանգության նոր 800 միլիոն դոլար արժողությամբ փաթեթի մաս: Կասետային զինամթերքն արգելված է ավելի քան 100 երկրում, սակայն ԱՄՆ-ն, Ուկրաինան և Ռուսաստանը չեն ստորագրել կասետային զինամթերքի մասին կոնվենցիան, որն արգելում է այդ զենքի արտադրությունը, պահեստավորումը, օգտագործումն ու փոխանցումը։ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը լրագրողներին ասել է, որ Ուկրաինան գրավոր հավաստիացրել է Միացյալ Նահանգներին, որ Վաշինգտոնի կողմից տրամադրվելիք կասետային զինամթերքը չի օգտագործի Ռուսաստանի տարածքում կամ բնակեցված տարածքներում։