Չինաստանն արձակել է մեթանային վառելիքով աշխատող աշխարհում առաջին ուղեծրային հրթիռը
Չինաստանի Landspace ընկերությունը հաջողությամբ արձակել է մեթանային վառելիքով աշխատող աշխարհում առաջին ուղեծրային Zhuque-2 հրթիռը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ընկերության տարածած հաղորդագրությունը։
Ըստ Landspace-ի հայտարարության՝ արձակումը տեղի է ունեցել Պեկինի ժամանակով հուլիսի 12-ի առավոտյան ժամը 9։00-ին՝ համաձայն ընթացակարգերի, և լիովին հաջողվել է։
Սա Zhuque-2 հրթիռի երկրորդ արձակումն էր 2022 թ․ դեկտեմբերին դրա ձախողված առաջին թռիչքից հետո: Միջին չափի այս հրթիռը կարող է տեղափոխել մինչև 6 տոննա բեռ 200 կմ բարձրության վրա՝ դեպի Երկրի ցածր ուղեծիր և մինչև 4 տոննա բեռ՝ 500 կմ բարձրության վրա՝ դեպի Արևասինքրոն ուղեծիր։